ԱԺ խմբակցությունները ներկայացրել են մշտական հանձնաժողովների փոխնախագահներին առաջադրելու որոշումները
ՔաղաքականԱզգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: Այսօր՝ օգոստոսի 16-ին, խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ ութերրորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցն էր։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձևի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրել են ութերրորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի Տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին։
Պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը։