«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին դեկտեմբերի 5-ին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու քաղաքացիական ժողովին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ իրենք հրավիրում են բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակություններին եւ անհատներին:
Հովհաննիսյանը վստահ է, որ դեկտեմբերի 5-ին հավաքը կլինի որակյալ: Նրա խոսքով, «Ժառանգություն»-ում անձի պաշտամունք չկա, ի տարբերություն ՀԱԿ-ի:
«Մեզ մոտ, ի տարբերություն ՀԱԿ-ի, անձի պաշտանմունք գոյություն չունի: Բացի այդ, մեզ մոտ էական, ծրագրային հարցերի շուրջ տարաձայնություններ չկան»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ իրենք ցանկանում են սահմանադրական հեղափոխություն անել՝ առանց արյան ու ցնցումների:
«Մենք փող չունենք, որ ավտոբուսներով մարդիկ բերենք մեր հավաքներին: Կարծում եմ՝ կգան սրտացավ մարդիկ, ովքեր կլսեն հարթակից ելույթ ունեցողներին»,-ասաց նա: