Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս են գրվել։ Միաժամանակ, հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը: Այս պահին հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի (դայակ և դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ:
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա: Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։ Առողջապահական հիմնարկների արագ արձագանքման և ժամանակին իրականացված միջոցառումների շնորհիվ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաև ծանր դեպքեր չեն արձանագրվել: Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Երեխաների առողջական վիճակը շարունակում է գտնվել ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: