BBC-ն գրում է, որ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում շարունակվող բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին անցյալ շաբաթ սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի` ոստիկանության մեքենայում սպանության պատճառով, նոր թափ են հավաքում:
Ավելի վաղ Ֆերգյուսոնի բնակիչներին ուղերձով դիմել էր նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով հանգստություն ու զսպվածություն պահպանել: Համանման կոչով հանդես էին եկել նաև մահացած դեռահասի հարազատները: Սակայն ապարդյուն: Բողոքի ակցիաները ձնագնդու նման թափ են հավաքում անընդհատ: Նահանգապետ Ջեյ Նիքսոնը, իրավիճակը Ֆերգյուսոնում վերահսկելիության սահմաններում պահելու համար անցյալ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը հինգը պարետային ժամ է հայտարարել, սակայն 150 բողոքավորներ մնացել են փողոցում նույնիսկ պարետային ժամի գործողության ընթացքում ու վանկարկել “Ոչ պարետային ժամին”, որոնց ցրելու համար տեղի ոստիկանները ծխարձակող փամփուշտներ են կիրառել: Քաղաքային ու նահանգային իշխանությունները հավաստիացնում են, որ ամեն ջանք ի գործ կդնեն սպանությունը անաչառ կերպով հետաքննելու և մեղավրոներին պատժելու համար, որի նպատակով գործին ամրակցվել են քաղաքային հետաքննության բյուրոյի քառասուն քննիչներ: