Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության և պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա Սասուն Միքայելյանը կկանգնի նրա կողքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Պետք է չարյաց փոքրագույնն ընտրել: Ես չեմ ասում, որ Գագիկ Ծառուկյանը չգիտեմ ինչեր կարող է անել, բայց, գոնե մթնոլորտը կփոխի»,- նկատեց նա:
Խոսելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի ձախողված նախաձեռնության մասին, նա նկատեց, որ իրենց հիմնական նպատակը ժողովրդի ըմբոստացումն էր, ինչն այս անգամ չստացվեց:
«Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու և իշխանափոխություն իրականացնելու համար ընդամենը 44 ստորագրություն էր պետք, մինչդեռ փաստաթղթի տակ ընդամենը 3 պատգամավոր ստորագրեց»,- ափսոսանք հայտնեց Միքայելյանը:
Խոսելով ոչ իշխանական խորհրդարանական եռյակի մասին` նա նշեց, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ցանկանում են Ռուսաստանի թագաժառանգը դառնալ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ամբիոն էր պետք` ընտրություններից հետո վերակենդանանալու համար.
«Տարբերություն չկա, եթե եռյակը, ավելի ճիշտ` երկյակը, տանի իշխանափոխության, մենք կգնանք ոչ թե իշխանափոխության, այլ իշխանափոխանցման: Փոխանցում ենք մի կայսրության ուրիշ հավատացյալի»:
Ըստ նրա` Հայաստանը զարգացում կունենա այն դեպքում, երբ երեք նախագահները հեռանան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պատերազմ հաղթեցինք, ինչ-որ մի տեղ նախագահ էր, բայց այս երկուսի կառավարման ընթացքում ի՞նչ առաջընթաց էր ապրել Հայաստանը»,- ասաց Սասուն Միքայելյանը և հավելեց, որ երբեք չի համարել, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարբեր մարդիկ են. «Մի’ մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահն է եղել եւ արդեն ձեւավորել է իր թիմը»: