Այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի հետ համատեղ ասուլիսում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ կաշառակերությունից և կոռուպցիայից: Թարգմանիչը չկարողացավ կոռուպցիա բառը թարգմանել, քանի որ պարզվեց, որ այդ բառը թարգմանություն անգամ չունի:
Այնուհետև լրագրողի կողմից հարց հնչեց կոռուպցիայի մասին, մասնավորապես նշվեց, թե ինչո՞ւ Ուրուգվայում կոռուպցիա և կաշառակերություն չկա, իսկ տնտեսական աճն էլ մի քանի անգամ մեծ է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողներին կոչ արեց չխոսել այդ երեւույթների մասին, քանի որ գնալով Հայաստանում կոռուպցիայի աճը նվազում է, եւ կգա ժամանակ, որ այդ չարիքի տոկոսները կիջեցնեն:
«Տեսեք, իրենց համար անհասկանալի է կաշառակերությունը, մեզ համար անհասկանալի չի: Եվ դժվար է ապացուցել, թե որտեղ է կաշառակերությունը, որտեղ՝ կոռուպցիան: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրատվությանը, ե՛ւ լրագրողներին: Լրագրողները ձեռքերը վեր են պարզում՝ չմտածելով, որ ամեն օր գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»,-ասաց Գալուստ Սահակյանը և խնդրեց այս չթարգմանել:
Ասուլիսի ավարտին ԱԺ նախագահը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահի հետ միասին խորհրդարանի բակում տնկեցին բարեկամության ծառ: