Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում, Միսսուրի նահանգ, արդեն երկրորդ շաբաթն է բնակչությունն իր բողոքն է արտահայտում աֆրոամերիկացի դեռահասի` ոստիկանների կողմից սպանվելու առնչությամբ: Ականատեսները պատմում են, որ ոստիկանները տասնութամյա մայքլ Բրաունի վրա կրակել են մի քանի անգամ այն ժամանակ, երբ նա անզեն է եղել, ձեռքերը վեր բարձրացրած:BBC News –ը գրում է, որ երեկ սպանվել է երկրորդ աֆրոամերիկացին: Տեղի ոստիկանությունը սակայն հայտարարել է, որ քսաներեքամյա սևամորթ տղամարդը դանակով զինված հարձակվել է ոստիկանների վրա, ու զենքի կիրառումը եղել է միայն հարկադիր միջոցառում: Այս դեպքն էլ ավելի է սրել իրավիճակը: Միայն անցյալ գիշերվա ընթացքում ձերբակալվել են երեսունմեկ ցուցարարներ: Օգոստոսի տասնիննի երեկոյան Ֆերգյուսոնի բնակիչներին ուղերձով դիմել է երկրի նախագահ Բարաք Օբաման, հայտարարելով, որ հասկանում է ֆերգյուսոնցիների ցասումն ու ընդվզումը, սակայն և խնդրում է զսպվածություն ցուցաբերել ու պահպանել կարգուկանոնը: Արդեն այսօր Ֆեգյուսոն կժամանի ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ով խոստացել էր անձամբ մեկնել դեպքի վայր ու հետաքննել գործը: