Ազատության հրապարկում մեկնարկել է ՀԱԿ-ի նախաձեռնած ամենամյա հավաք-երթը` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նշենք, որ եռյակի առաջնորդներից մասնակցում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մեկին չի սպասելու: «Ես ոչ մեկին չեմ սպասելու, բայց սպասելու եմ, որ Հայաստանի քաղաքացին տիրանա հրապարակին ու իր երկրին։ Եթե ես մեղավոր եմ ժողովրդի հիասթափության մեջ, ես ներողություն եմ խնդրում, բայց իմ ներողությունը հերիք չէ, այս հարթակը հաջորդ անգամ պետք է լիքը լինի: Եվ ով որ բացակա է լինելու, թող Համո Սահյան չմեջբերի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողի այն հարցին, որ դուք ասում էիք, որ եռյակի լիդերները մասնավոր զրույցներում հնչեցնում են Սերժ Սարգսյանի պաշտոնակության պահանջը, ե՞րբ է այդ պահանջը հրապարակ գալու, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինչ-որ մասնավոր է ասվել, պետք է հրապարակվի, մարդիկ պետք է ունենան այդ տղամարդկությունը, շիտակությունը ասելու համար, որ ասել ենք, իսկ ասել են ոչ թե Սերժի կամ Ռոբերտի դեմ, այլ ասել են Հայաստանի համար»:
Հարցին, թե ինչո՞ւ է լիդերներից միայն ինքը ներկա, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես լիդեր չեմ, ես շարքային քաղաքացի եմ»:
Խոսելով եռյակի միասնական օրակարգի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. -«Միասնական օրակարգի իրացումն իմ վճռելիքը չէ, դա Հայաստանի քաղաքացու վճռելիքն է։ Ես հուսով եմ, որ մի քանի ամիս անց մենք կունենանք միասնական օրակարգ»։