Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոփոխել է Ռուսաստան ներմուծելու համար արգելված մթերքների ցուցակը, հայտնում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում տեղադրված համապատասխան հայտարարությունը:
Ցուցակում ներառվել է թարմ ձուկը՝ բացառությամբ իշխանի ու սաղմոնի: Ցուցակից հանվել են կաթն ու կաթնամթերքը, մի շարք բանջարեղեն: Այդ թվում՝ ցանելու համար նախատեսված կարտոֆիլի սերմը, սոխը, եգիպտացորենը, սիսեռը:
Ռուսաստանը սահմանափակել էր ԱՄՆ-ից, ԵՄ-ի երկրներից, Նորվեգիայից, Կանադայից, Ավստրալիայից մի շարք գյուղատնտեսական և պարենային ապրանքների ներմուծումը՝ մեկ տարի ժամկետով: Արգելքի տակ էին հայտնվել տավարի միսը, խոզի միսը, թռչնամիսը, մրգեր, բանջարեղեն, պանրեղեն, ընդեղեն, կաթնամթերք և այլն: