Դավիթ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր պատահաբար աչքովս ընկավ «ազգությամբ» թուրք, ավելի ճիշտ թուրք կոչված ցեղախմբի անդամ, մի խանումի (Հերթական անգամ համացանցը ցնցած) կատարում: Կինը կատարում էր «Քելե լաո»-ն, միջակից մի քիչ բարձր, բայց սա չէ խնդիրը: Կարդացի մեր հայրենակիցների մեկնաբանությունները, հիմնականում ցնցված, փշաքաղված և բռավոյոտ: Մի բան անհասկանալի է մնում ինձ համար, ես գոնե մի 30 հայ երգչի գիտեմ, որ այս երգը կատարում են հազար անգամ ավելի լավ, հազար անգամ ավելի սրտով, բայց ոչ ոք նրանց կատարումից ոչ հուզվում, ոչ էլ փշաքաղվում է: Սա պարզապես ֆենոմեն է, նույնը գրականության, նույնը լրագրության մեջ... Երբ լսեցի կատարումը առաջին հարցը որ ծագեց իմ մեջ սա էր.
-Խանում դու գոնե՞ գիտես ինչ ես երգում, գոնե գիտես ինչո՞ւ են «Մեր հեր ընդեղ մեր մեր ընդեղ» հանգչում... Խանումի հերն էլ անիծած.. ի՜նչ մոռացկոտ ժողովուրդ ենք, ես վստահ եմ որ եթե թուրքիայում դրվի հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան և թուրք մի մանուկ անթերի հայերենով կարդա՝ «Ափ մը մոխիր աճյունիս հետ հայրենի տուն» մեր ազգային գիտակցության մեջ անմիջապես թուրք բառը հայհոյանքից կփոխվի օրհնանքի:
Ես ոչ ռասիստ եմ, ոչ հետամնաց, ոչ էլ տառապում եմ ազգային մեծամտությամբ, պարզապես գենի առումով «Տառապանքս փորձ ունի»: Որքա՜ն եմ սիրում ձեզ իմ միամիտ ու մոռացկոտ հայեր: