Ղրղզստանի և Ղազախստանի բոլոր ավիաընկերությունները, բացառությամբ Air Astana-ի, ներառվել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) անհուսալի ավիափոխադրողների սև ցուցակում, որոնց արգելվում է թռիչքներ կատարել Եվրամիության երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
Նորացված ցուցակում են հայտնվել նաև Լիբիայի, Լիբերիայի, Մոզամբիկի, Նեպալի, Ֆիլիպինների (բացառությամբ երկուսի), Սիեռա Լեոնեի, Սուդանի և Զամբիայի ավիաընկերությունները:
ԵՀ-ն սև ցուցակը նորացնում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Այսօրվա դրությամբ դրանում տեղ է գտել 21 երկրի 310 ավիաընկերություն:
ԵՄ-ի երկրների հետ համաձայնեցմամբ, հանրակցության գործադիր իշխանության բարձրագույն մարմնին նաև իրավունք է վերապահված ցուցակից հանել այն ավիափոխադրողներին, որոնք կապացուցեն, որ իրենց ինքնաթիռները համապատասխանում են անվտանգության եվրոպական պահանջներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: