Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բացի դրանից՝ տեղանքի զննությամբ պարզվել է, որ առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն արդեն իսկ ուղարկվել է հետազոտման:
Միաժամանակ հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ որոնողական ստորաբաժանումներին միջոցառումներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Իրենց շենքի մուտքում պատգամավորին դիմավորել է անհայտ անձը եւ հարվածել: Արամ Մանուկյանը հոսպիտալացվել է, նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում եւ սալջարդ: Նշենք, որ դեպքից ժամեր անց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կատարվածը որակել է՝ որպես «ահաբեկչական գործողություն, որն իրականացրել են իշխանության ներկայացուցիչները»: