ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով եւ շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, եւ նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների եւ այլ անձանց շրջանում:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 3-ին առանց Աննա Մ.-ի համաձայնության եւ թույլտվության համացանցի «www.odnoklassniki.ru» եւ «www.facebook.com» սոցիալական կայքերում նրա անվամբ իր ստեղծած անհատական էջում տեղադրել, ապա տարածել է Աննա Մ.-ի անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները` լուսանկարները, բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց 4-5 պոռնկագրական բնույթի լուսանկարներ, ապա լուսանկարներով կայքէջից Աննա Մ.-ի ծանոթների եւ այլոց ինտերնետային էջերին այցելելու միջոցով` տարածել է նաեւ պոռնկագրական բնույթի լուսանկարները:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով եւ 263-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: