Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ այսօր Եռաբլուրում տեղի էր ունենալու ազատամարտիկների հավաքը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ իրենք պարտավոր են խտացնել իրենց շարքերը և հզորացնել հայրենիքը:
«Հայաստանում, թե ինչ է կատարվում, ես շատ լավ եմ հասկանում: Ես ուղղակի ուզում եմ ասել` իշխանավոր է, «բեսպրեդել» է, թե քաղաքական գործիչ է, ուզում եմ ասել, որ Հայաստանում այնպիսի ծանր իրավիճակ է. սահմանի վրա կրակում են, մեր երեխաներին սպանում են, իսկ մամուլը գրում է, թե ազատամարտիկներին ծեծում եմ»,- ասաց Մանվել Եղիազարյանը:
Ազատամարտիկներին զայրացրել էր փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտարարությունները, թե ով իր ներկայությամբ հայհոյի նախագահին, ապա «ականջները կկտրի»:
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ով բավական վրդովված ելույթ ունեցավ, ընդգծեց, որ շան թուլի պես կկտրի էն մարդու ականջները, ով նման բան կասի: «Այս շիրիմներն են մեզ համախմբում: Ամեն մեկս մեր ճանապարհով գնացինք: Ես այսօր եկել եմ այստեղ, որ ասեմ էս քաղաքական պոռնիկները հերիք եղավ մեզ մասնատեն: Դրա համար եղունգ ունենք, գլուխներս պետք է քորենք: Մենք եկել ենք սրբավայր, որը 700 տարի հետո անկախություն տվեց հայ ժողովրդին: Բայց, ցավոք սրտի, այսօր շատ մարդիկ ուրիշ տեղ են մեզ տանում: Ես այստեղ ուզում եմ մի հատ որոշում կայացնենք, ոչ թե «հավայի» խոսանք: Ես տեռորի էլ եմ գնալու, ասում եմ` թող իմանան»,- ասաց նա, որին հետևեց ազատամարտիկների «այո»-ները:
Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց վրա են ուզում վերցնել ազատամարտիկների և հայ ժողովրդի անվտանգության հարցը, որովհետև կան հարցեր, որոնք դեռ պատասխաններ չունեն, ժողովրդի մեջ կան կասկածներ, որոնք օրեցօր ավելի են խորանում:
«Բարձրագոչ հայտարարություններ են անում մարդիկ, ովքեր տեղյակ չեն մարդկանց հոգսից: Մենք պատրաստ ենք ժողովրդի հոգսը մեզ վրա վերցնելու, բայց մեզ ժողովրդի մանդատն է պետք: Մենք պետք է անցնենք կոնկրետ գործողությունների և ասենք, որ այլևս չպետք է շարունակվեն անօիրնականությունները»,- հայտարարեցին ազատամարտիկները: