Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց»
ՎերլուծականԱյսպես կոչված «Թրամփի ուղին» լուրջ խնդիրներ է հարուցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համար։ Վերջինս, ինչպես հայտնի է, եռակողմ հանձնաժողովի անդամ է, նախկինում՝ մինչ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է Արդշինբանկի վարչության նախագահ և բավականին լուրջ կապեր ունի ռուսական տարբեր շրջանակների հետ, ուստի հենց Մհեր Գրիգորյանն է տարիներ շարունակ ապահովել Փաշինյանի իշխանության կապը ռուսական կողմի հետ։
Ընդ որում, ռուսներն էլ բավականին լավ աչքով են նայել Մհեր Գրիգորյանին՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նրա հետ ավելի բարեհամբույր հանդիպումներ ունեցել։ Հենց Գրիգորյանն է Փաշինյանին շատ դեպքերում փոխարինում ԵԱՏՄ կամ ԱՊՀ գագաթնաժողովներում, հանդիպումներում։
Ըստ հավաստի աղբյուրների՝ վերջերս իր մերձավորների շրջապատում Մհեր Գրիգորյանը նեղսրտել է, որ իր համար էլ շատ տհաճ և անսպասելի են եղել «Թրամփի ուղու» այսօրվա նախագծի պայմանները, որով Հայաստանը փաստացի 99 տարով իր տարածքը տալիս է երրորդ երկրի, ամերիկացիներն էլ նույն այդ համաձայնագրով կարող են գործարքի մեջ ներգրավել այլ երկրների։ Փաստացի TRIPP-ի գործարքը գաղութային գործարք է, 74/26 տոկոս համամասնությունը նաև հարցականի տակ է դնում Հայաստանի հանքային ռեսուրսների ապագան։ Եվ այժմ Գրիգորյանը բանկիրների շրջապատում նշել է, թե իրեն ոչ ոք չի հարցրել, բայց ապագայում նաև իր վզով է մնալու TRIPP-ի պատասխանատվությունը։
Ու Գրիգորյանը նաև նշել է, թե սկսել է խնդիրներ ունենալ ռուսական կողմի հետ, քանի որ իր ֆինանսական կապիտալի, բիզնեսների մի մասը այս կամ այն չափով կապված է ռուսների հետ։ Մինչդեռ կառավարությունում լուրջ կասկածներ կան, որ եթե ինչ-որ բան Փաշինյանի ցանկացած ուղով չգնա, ապա բոլորը պատասխան են տալու նույն հոդվածով։ Առավել ևս՝ ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա TRIPP-ի հետ և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի Հանրապետության համար։
Մանե Անանյան