Դեկտեմբերի 13-ին` ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 36 և 42 շենքերի մոտակայքում՝ ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս մասին տեղեկացնում Է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 42 շենքի մոտակա ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.43-ին: Այրվել է Կ. Պ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 111US19 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկն՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով Կ. Պ.-ը, Ռ. Ա.-ը (ծնվ. 1978թ.) և Ս. Ք.-ը (ծնվ. 1998թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ Կ.Պ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ռ.Ա.-ինը և Ս.Ք.-ինը` միջին ծանրության: