Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր
Քաղաքական«ՀայաՔվե» միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը և արտաքին կապերի հանձնախմբի ղեկավար Աննա Կոստանյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հրավերով պաշտոնական այցով Բրյուսելում էին, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Patriots for Europe» («Եվրոպական հայրենասերներ») համաեվրոպական խմբակցության մի շարք ղեկավար անդամների և նրանց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։
• Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի և բելգիական պատվիրակության ղեկավար Գերոլֆ Անեմանսի հետ։ «ՀայաՔվեի» պատվիրակությանն ընդունել է նաև բելգիական ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցության նախագահ Թոմ վան Գրիկենը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնավորապես ԵՄ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ դերակատարությունը, այլ ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը և ԵՄ քաղաքական դերակատարությունն այս հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, Հայաստանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, և այլն:
Ավետիք Չալաբյանը նաև ելույթ է ունեցել խմբակցության կազմակերպած հեռուստաքննարկման ընթացքում՝ եվրոպացի ունկնդիրներին հանգամանորեն ներկայացնելով վերոնշյալ հարցերը։
Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր: