Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից
ՎերլուծականՆախօրեին Կարսում կայացել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Այս հանգամանքը ամենաշատը առաջացրել էր ամերիկյան կառույցների ոգևորությունը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգևորիչ մի հայտարարություն էր տարածել՝ չափազանց դրական գնահատելով խմբի հանդիպումը։ Ամենաուշագրավն, իհարկե, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունն էր։
Վերջինս ողջունել է Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝ ուղղված երկու երկրների տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը։ «Ձևավորվում է Նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնարարությանը»,– գրել է ԱՄՆ դեսպանը՝ կարևոր իրադարձություն համարելով հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը Կարսում։ Նման հանդիպումներ վերջին շրջանում էլի են եղել, այլ տարբեր մակարդակներով, բայց, թերևս, առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը նման մակարդակով ողջունում է այսպիսի հանդիպումների կազմակերպումը։
Դա ընդամենը կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգներն ինքն է առաջնահերթ շահագրգռված հայ-թուրքական կարգավորման հեռանկարով։ Ինչը, բնականաբար, կապված է TRIPP նախագծի իրականացման հետ։
Ինչպես իրանական պատերազմի ֆոնին տարբեր փորձագետներ նշում են, որ այդ նախագծի ապագան մշուշոտ է, Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են նախագիծն առաջ մղելու համար, և բնական է, որ հենց իրենք էլ ողջունում են նման հանդիպումները։ Չի բացառվում, որ այս հանդիպումն էլ կազմակերպվել և իրականացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Սոնա Գալստյան