Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ
ՄշակույթԱխալցխայում Մարդա բնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերները և դրել աղբամանի կողքին: Այս մասին հայտնում է Գրուզիա Օնլայն-ը:
Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարության կատարմանն ապօրինի խոչընդոտում:
Հաղորդվում է, որ այդ տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններն այնտեղ այլևս չեն անցկացվում:
Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, աբեղա Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է տաճարից դուրս բերել սրբապատկերները:
«Երեկոյան ես նույնպես այնտեղ էի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը՝ ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս էր բերվել՝ սրբապատկերները և այլ իրեր: Այդ ամենի վրա աղբ էր լցված: Սրբապատկերները շատ վատ վիճակում էին: Մենք ամեն ինչ հետ ենք տարել և դրել իրենց տեղերում: Չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի»,- ասել է նա: