«Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան
ՔաղաքականԽաղաղությունը անխուսափելի է, ուղղակի մենք կլինենք նորմալ հարևաններ, բայց չենք լինի ընկերներ և չենք ուզում լինել ընկերներ, որովհետեւ մենք ունենք անցյալ և իրենց էլ լավ գիտենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դասերն է, որոնք չենք քաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորեցրել, մի բան է մեզ պատմությունը սովորեցրել, և այդ դասը փոքրիկ ինչ-որ խումբ մերժում է, որի բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակում չկան Արցախի քաղաքական գործիչներ, Կարապետյանը պատասխանեց. «Նախ, նրանց թեկնածության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա։ Երկրորդ, Արցախի մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատը, որ իրավունք ունեն ընտրության մասնակցելու։ Այսինքն, եթե մինչև հունիսի 7–ը դիմում են դատարան, դատարանը պետք է թույլ տա»։