Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման մեջ։
Ներկայում օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգը սահմանված է կառավարության թիվ 751Ն որոշմամբ։ Գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50 հազար դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայում իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Հայաստանի գործող շեմը (մոտ 120 եվրոյին համարժեք) ավելի բարձր է, քան բազմաթիվ մրցակից զբոսաշրջային ուղղություններում կիրառվող շեմերը, ինչն էապես սահմանափակում է համակարգի հասանելիությունն ու արդյունավետությունը։ Գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել նվազագույն շեմը, ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել, ապահովել գործընթացի թվայնացում և արագացում։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավում՝ մանրածախ առևտրի ոլորտի ակտիվացման, ՓՄՁ-ների ներգրավվածության բարձրացման, զբոսաշրջիկների ծախսերի աճի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային և առևտրային գրավչության բարձրացման միջոցով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում