Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան
ՔաղաքականԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ։ Մեկնաբանելով «իրանական գործը»՝ ԶԼՄ-ների հետ զրույցում այս մասին հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանը։
«Սա ոչ միայն վրեժխնդրություն է, այլև մարդկային արժանապատվության բացահայտ ոտնահարում»,- հավելել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը դուրս է իրավական դաշտի սահմաններից, և օրենքի գերակայության սկզբունքի մասին խոսելն ավելորդ է։
«Եթե փաստաբանին հեռացնում են վարույթից նման հիմքով (իրանցի գործարարների պահանջով), դա օրենքի կոպիտ խախտում է։ Ակնհայտ է, որ փորձ է արվում մեկուսացնել Երեմ Սարգսյանին, ով քաջատեղյակ է գործից։ Նման գործերը ՄԻԵԴ-ում փլուզվում են։ Այս գործը իրավական իմաստով ապագա ունենալ չի կարող»,- նշել է Մինասյանը՝ ընդգծելով, որ պատճառները միանշանակ քաղաքական են։ Մինասյանը նկատել է, որ անձամբ ծանոթ է Ծառուկյանի հետ, և իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ Ծառուկյանն աջակցություն է ցուցաբերել գերատեսչությանը ավտոմեքենաների տրամադրմամբ։
«Որսն ինձ համար անընդունելի է, բայց պետք է նշեմ, որ Ծառուկյանի պահպանության տակ գտնվող բոլոր վայրի կենդանիները պահվում էին միջազգային նորմերին լիովին համապատասխան ձևով»,- հավելել է Մինասյանը։
Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ խոշոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն իրենք են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, և դրա վերաբերյալ կան հաստատող մուրհակներ։