«Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով
Երևանի «ԿինոՄոսկվա» կինոթատրոնում կայացավ Դավիթ Բաբախանյանի «Մեկ in Մեկ» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Կատակերգության պրեմիերային ֆիլմը ստեղծած թիմի հետ միասին ներկա էին նաև դերասաններն ու հրավիրված հյուրերը։
Նոր ֆիլմը կառուցված է մի պատմության շուրջ, որտեղ սովորական թվացող իրավիճակները աստիճանաբար վերածվում են արկածների։ Հերոսների առջև հայտնվում են տարբեր խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին նրանց սպասում են հումորային, երբեմն էլ վտանգավոր իրավիճակներ։
Ֆիլմի առանցքային թեմաներից մեկը ընկերությունն է։ Պատմության ընթացքում հերոսները հայտնվում են դժվարությունների առաջ, սակայն տարբեր փորձությունների պայմաններում շարունակում են աջակցել միմյանց։ Հենց ընկերական կապն էլ դառնում է բազմաթիվ իրադարձությունների շարժիչ ուժը։
«Մեկ in Մեկ»-ում հանդիսատեսը կտեսնի նաև մի շարք անսպասելի կերպարանափոխություններ։ Զիրոյանը ֆիլմում ներկայանում է Արկադի Դումիկյանի կերպարով։ Նրա արտաքինն ամբողջությամբ փոխվում է դիմահարդարման միջոցով, իսկ սյուժեի ընթացքում նա ստիպված է լինում որոշ ժամանակով ստանձնել երգչի դերը և նրա փոխարեն ելույթներ ունենալ։
Ինքը՝ Արկադի Դումիկյանը, նույնպես հայտնվում է ֆիլմում։ Այս անգամ նրա ներկայությունը կապված է ոչ միայն երաժշտության հետ․ երգիչը փորձել է իրեն նաև դերասանական աշխատանքում։
Ֆիլմում իր համար նոր ոլորտ է փորձել նաև Գոհար Ավետիսյանը։ Դիմահարդարը էկրանին հանդես է գալիս սեփական կերպարով։ Նրա մասնակցությունը ֆիլմին ևս անսպասելի պատմություն ունի․ նկարահանվելու առաջարկը ստանալիս Գոհարը սկզբում նույնիսկ համոզվելու կարիք է ունեցել, որ խոսքն իսկապես իր մասին է։
Նա անդրադարձել է նաև պրեմիերայի իր կերպարին։ Գոհարը պատմել է, որ սկզբում մտադիր էր միջոցառմանը ներկայանալ հարսանեկան զգեստով, սակայն ի վերջո որոշել է այդ գաղափարը հետաձգել։ Հարսանեկան զգեստը, նրա խոսքով, կսպասի այն օրվան, երբ այն կկրի իրական հարսանիքի ժամանակ։
Ֆիլմի մյուս գլխավոր պատմություններից մեկը կապված է ֆինանսական խնդիրների առաջ կանգնած հերոսի հետ։ Այդ կերպարը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Նրա մասնակցությունը նախագծին առանձնանում է նաև նրանով, որ նա, սովորաբար աշխատելով ֆիլմի ստեղծագործական և կազմակերպչական հատվածում, այս անգամ հայտնվել է նաև կադրի մյուս կողմում։
Ֆիլմի դերասանական կազմը համալրում են նաև Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը և այլ դերասաններ։
Ֆիլմի ստեղծման աշխատանքները ծավալվել են ոչ միայն Հայաստանում։ Նկարահանող խումբը գարնանը աշխատել է նաև Ռուսաստանում և Վրաստանում։ Ստեղծագործական թիմը փորձել է ֆիլմի տեսողական և տեխնիկական լուծումներում կիրառել նոր մոտեցումներ՝ միաժամանակ չհեռանալով թեթև կատակերգության տրամաբանությունից։
Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայանը։ Մոնտաժն իրականացրել է Արսեն Սարիբեկյանը, բեմադրող նկարիչը Հրաչ Քեշիշյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արման Պարսամյանը։
Նախագծի պրոդյուսերը Արման Միտոյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։
Մարինա Ալեքսանյան