Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այց է սկսել Պարսից ծոցի երկրներում։ Երեկ նա ժամանել է Քուվեյթ, որտեղ հանդիպել է էմիրի հետ։ Այցի հաջորդ կանգառներն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քաթարը։
Այցը տեղի է ունենում Ֆրանսիայում խորացող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Երկիրը ցնցվում է զանգվածային բողոքի ցույցերից և անկարգություններից, վառելիքի գներն աճում են, իսկ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհությունը մեծանում է։
Այդուհանդերձ, նախագահ Մակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից։
Այցի նպատակներից մեկը նավթի և նավթամթերքի լրացուցիչ մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելն է, ինչպես նաև Հորմուզի նեղուցը շրջանցող էներգակիրների փոխադրման այլընտրանքային ուղիների քննարկումը։ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունն ու նավագնացության խափանումները լուրջ ռիսկեր են ստեղծում նաև եվրոպական տնտեսության համար։
Երկրորդ կարևոր թեման ծովային հաղորդակցության ուղիների անվտանգությունն է։ Փարիզը Լոնդոնի հետ համատեղ առաջ է մղում Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու նախաձեռնությունը, այդ թվում՝ հնարավոր ականազերծման աշխատանքները։ Սակայն այդ ծրագրի իրականացումը կախված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և Միացյալ Նահանգների դիրքորոշումից։
Ոչ պակաս կարևոր են նաև պաշտպանական ոլորտի պայմանագրերը։ Ֆրանսիան ակնկալում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունն արաբական միապետությունների՝ Քաթարի և ԱՄԷ-ի հետ։ Խոսքը ՀՕՊ համակարգերի, ռազմական տեխնոլոգիաների և նոր ներդրումների մասին է։
Այցը համընկնում է Դոհայում անցկացվող Անվտանգության գլոբալ ֆորումի հետ, որի հիմնական թեման միջազգային դաշինքների ապագան է։ Բացի այդ, հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահը պետք է մասնակցի ինքնիշխան ներդրումային հիմնադրամների միջազգային ցանցի՝ One Planet-ի հանդիպմանը։
Այցն ունի նաև Լիբանանին առընչվող օրակարգեր։
Այսպիսով, Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ապահովել Ֆրանսիան էներգակիրներով, ձեռք բերել ռազմա-արդյունաբերական արտադրանք վաճառելու նոր պայմանագրեր, ինչպես նաև փորձել ամրապնդել ֆրանսիական դիրքերը Մերձավոր Արևելքում։
Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար, ով իր նախագահության ժամկետը ստիպված կլինի ավարտվել ներքաղաքական ճգնաժամի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար անկայուն ու նոր մարտահրավերների պայմաններում։