Հինգ մարդ ձնաբքի զոհ է դարձել Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդո կղզու շրջանում: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հաղորդել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:
Մասնավորապես, մահվան պատճառ են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները և տանիքի փլուզումը, որի վրա շատ ձյուն էր կուտակվել: Եվս մեկ մարդ է զոհվել՝ ընկնելով իր տան տանիքից, որը նա մաքրում էր ձյունից: Բացի դրանից, երկու նավատիներ են անհայտ կորել այն բանից հետո, երբ չինական ձկնորսանավը, փոթորկից ապաստան փնտրելով՝ ծանծաղուտն է ընկել Ճապոնական ծովի Օկի կղզիների շրջանում:
Փոթորկի պատճառով չեղյալ են հայտարարվել նաև առնվազն 550 ներքին և միջազգային ավիաչվերթներ: Վատ եղանակը հանգեցրել է բարձր մակընթացությունների և Հոկայդոյի արևելքում Նեմուրո քաղաքի հեղեղման: Ճապոնիայի որոշ շրջաններում տեղացել է 185 սանտիմետր ձյուն: Քամու արագությունը հասնում է ժամում 160 կիլոմետրի:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ դեկտեմբերի 18-ին Ճապոնիայի հյուսիսում և նրա արևմտյան ափի մոտ վատ եղանակային պայմանները կպահպանվեն, և որ դեկտեմբերի 19-ին հնարավոր են նոր տեղումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: