Այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելու թանկացումների և դրամի արժեզրկման դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքացիներին թռուցիկներ են բաժանում, որտեղ ձևակերպված են իշխանություններին ուղղված հետևյալ պահանջները` ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային վիճակին բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, վերացնել բոլոր տեսակի մենաշնորհները, դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը:
Այն պահին, երբ ցուցարաներն իրենց բողոքի ակցիան էին անցկացնում, կառավարության շենքից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում հետևից ակցիայի մասնակիցները գոռացին. «ամոթ, Լֆիկ»:
Սակայն գործարար պատգամավորը չարձագանքեց բողոքի ակցիայի մասնակիցներին և նստեց իր մեքենան ու հեռացավ:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ ակցիան տեղի կունենա դեկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում: