ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ է հանդիպել քաղաքագետ Լևոն Շիրինյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: Վերջինս, անդրադառնալով գնաճի խայտառակ տեմպերին, ասել է, որ տարին կողոպուտով ենք փակում:
«Այս «շուստրիների» խումբը, ովքեր կրթված չեն, պետությունը վերածել են իրենց սպասարկման գործիքի` հարստանալու համար: Հայաստանը վերածել են արյունակցական կապերի վրա ստեղծված պետության»,- ասում է Լևոն Շիրինյանը: Պարոն Շիրինյանը հոռետես է և կարծում է, որ դրամը չի կայունանալու:
Քաղաքագետը նաև իր առաջարկն է արել հայրենի իշխանություններին՝ երկրի կառավարման մոդելի հետ կապված: Ըստ նրա՝ այսօրվա մոդելը իրեն սպառել է: Իր առաջարկած տարբերակը կոչվում է Սոցիալիստական շուկայական տնտեսության հայեցակարգ մոդել: Լևոն Շիրինյանը պատմում է, որ այն մշակվել է ֆրանկֆուրտյան դպրոցի կողմից, կիրառվել Գերմանիայում, ինչը մեծ հաջողություն է բերել պետությանը:
Բանախոսը նշում է, որ այդ կոնցեպցիան ազատական է, բայց ենթադրում է նաև որոշակի կարգ ու կանոն տնտեսության մեջ: Նրա խոսքերով՝ շուկան պետք է հստակ կանոնակարգված լինի:
Պարոն Շիրինյանը հավելում է, որ այս կանոնակարգումը, բացի տնտեսականից, ունի նաև բարոյական և հոգևոր կողմեր: Դրա հիմքում քրիստոնեական արժեքներն են:
Քաղաքագետը նշում է, որ այս կարգի տեսությունն ունի հասարակական մոբիլիզացիայի շատ մեծ ներուժ և, ի դժբախտություն մեր չինովնիկների, պահանջում է պետական ապարատի կրճատում, այն բացառում է արյունակցական կապերով իշխանության ձևավորումը:
Շիրինյանը խորհուրդ է տալիս իշխող վերնախավին մտածել այս տեսությունը կիրառելու ուղղությամբ:
Լևոն Փանոսյան