Երկրի երկրորդ և երրորդ դեմքերի միջև կոնֆլիկտ կա՞
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աժ նախագահ Գալուստ Սահակյանի միջև որոշակի հակասություն է առաջանում: Թերթը որպես փաստարկ բերել էր այն հանգամանքը, որ կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում ԱԺ-ի ղեկավարությունը ներառել էր նաև գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, ինչը զայրացրել էր Հովիկ Աբրահամյանին, քանզի Աբրահամյանի կաբինետը պատրաստվում է ամփոփիչ ասուլիսների, որոնցով կցուցադրեն իրենց ձեռքբերումները: Ըստ թերթի՝ գազի հարցն էլ կարծես ստվերում է այդ ձեռքբերումները: Հիշեցնենք, որ հնարավոր հակամարտության մասին խոսակցություններ տարածվեցին նաև այն ժամանակ, երբ վարչապետը հրապարակավ նկատողություն արեց Աժ նախագահի որդուն՝ Արման Սահակյանին, որը զբաղեցնում է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Orer.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեկնաբանեց, թե կոնֆլիկտի հետ կապված խոսակցությունները բամբասանք են և չեն համապատասխանում իրականությանը: Հուսանք՝ հետագա փաստերը ավելի պարզ կդարձնեն, թե իրականության հետ ինչ աղերս ունեն հակասության մասին այս բոլոր հրապարակումները: