Անցնող տարվա ընթացքում Քաղաքաշինության նախարարությունը լուրջ նախաձեռնողականություն է ցուցաբերել՝ լուծելու ոլորտում առկա բազմազան խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Զգալի աշխատանքներ են կատարվել Կոնդի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ, խոստացել ենք, որ նրանց համար կառուցվող շենքը պատրաստ կլինի 2016-ին: 2016-ին կլուծենք նաև Ֆիրդուսի շուկայի տարածքի 100 բնակիչների՝ նոր բնակարաններում վերաբնակեցման հարցը»,- ասաց նա:
Խոսելով խոշոր նախագծերի մասին և մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային պողոտային՝ քաղաքաշինության նախարարն ասաց, թե Հյուսիսային պողոտան ինքը համարում է քաղաքային պատմության ամենակարևոր նախագծերից մեկը:
«Դրա հետ կապված այսօր շատ վաղ է գնահատականներ տալը, մենք այդ գնահատականը կտանք 20-30 տարի հետո: Բոլոր ժամանակներում խոշոր նախագծերը համատարած դժգոհություն են առաջացրել, ինչպես օրինակ` Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը՝ տարիներ առաջ: Բնական է, որ Հյուսիսային պողոտայի շինարարությունն էլ պետք է հանրային դժգոհություն առաջացներ: Հատկանշական է, որ Հյուսիսային պողոտան 12 առաջատար ճարտարապետն է նախագծել»,-նշեց Նարեկ Սարգսյանը:
Արձագանքելով հարցին, թե հաճախ են ասում, որ Հյուսիսային պողոտայի շենքերը սեյսմակայուն չեն, Նարեկ Սարգսյանն ասաց. «Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունության վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն են, ես դա պաշտոնապես եմ հայտարարում»: