Օրվա ընթացքում մամուլում հրապարակվում էին Քեսաբում տեղի ունեցած նոր հարձակումների մասին տեղեկություններ: Նշվում էր, որ ուշ գիշերը մեծ քանակությամբ իսլամիստ զինյալ ահաբեկիչներ են նկատվել սահմանամերձ շրջաններում: Կեսգիշերին մոտ տեղի բնակիչները, զգալով վտանգը, ահազանգ են հնչեցրել:
Սիրիահայերի պատմելով՝ այնուհետև պետական ուժերը տարածվել են դեպի պաշտպանական դիրքեր և հակահարված տվել ներխուժման փորձ կատարած ահաբեկիչներին: Այդ իրավիճակը տևել է մինչև լուսաբաց:
Ըստ Orer.am-ի աղբյուրների՝ ժողովրդի որոշակի հատված արդեն պատրաստ էր նոր գաղթի, բայց պետության վճռական քայլերը որոշակի առումով կանխեցին այս պահին առկա վտանգները և սպառնալիքները:
Մեր աղբյուրները նաև նշում են, որ, այնուամանայնիվ, այս պահին սահմանից դեռ վերջնական չեն հեռացել զինված ահաբեկիչները: Դիտարկումները շարունակվում են:
Լևոն Փանոսյան