ՖԲ օգտատեր Հայկ Դերզյանն իր գրառման մեջ անդրադարձել էր Armtimes.com-ի «34 տարեկան եւ արդեն բազմակուսակ ղավա՞լ (դամփ)» խորագրով մի հոդվածի, որտեղ նկարագրվում էր Վահան Բաբայանի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած քաղաքական կոպիտ երկխոսությունը:
Բանն այն է, որ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, թե երկրում փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու ԲՀԿ-ի մոտեցումը բոլշեւիկյան կլասիկ մոտեցում է: Եւ ահա՝ Բաբայանը գրել էր.
«Խավարի մեջ խարխափող դաշնակցական ընկեր Արծվիկը այսօր պաշտոնապես հայտ ներկայացրեց դառնալ «ԴՀՈԼ»... Այս առիթով իրոք պետք է շնորհավորել օր ու գիշեր դոլար-դրամի կայունացման համար աշխատող իմ գործընկերոջը: Կարծում եմ՝ հարյուրից ավել տարի պատմություն ունեցող ավանդական կուսակցության ներկայացուցչին վայել չէ խոսել ԲՀԿ առաջնորդի եւ իր թիմի կատարած աշխատանքների մասին այդպիսի մաղձով եւ ժողովրդական լեզվով ասած՝ «աբիժնիկությամբ»:
Ի պատասխան սույն գրառմանը՝ երեկ Արծվիկ Մինասյանը հակադարձեց.
«Նախ, կարծում եմ, որ վաղուց ղավալ (դամփ - հեղ.) դարձածը չպետք է իրեն թույլ տար խոսել երաժշտական գործիքների մասին: Երկրորդ, բազմակի օգտագործված սույն իրի պահվածքը ցույց է տալիս, որ նման տեսակը սպառնալիք է ազատ մտածող մարդկության համար եւ երրորդ, երբ բութ առարկան օգտագործվում է քաղաքականության մեջ, հեղինակազրկում է ոչ միայն այն քաղաքական ուժին, որին ներկայացնում է, այլ նաեւ այն ինստիտուտը, որտեղ ներկայացված է, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովը»:
Ժորա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը