Եթե օլիգարխն ուզում է լավ գործ անել, պետք է թռնի քաղաքական դաշտից. Պարույր Հայրիկյան
ՔաղաքականՏարին ամփոփելու հերթն այս անգամ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանինն էր: Orer.am-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 26-ին նա լրագրողներին ասաց, որ աշխարհը շարունակում ԵՏՄ-ին միանալու ՀՀ նախագահի դիրքորոշումը համարել Հայաստանի դիրքորոշում, բայց դա «մեկ գիշերում» մեզ պարտադրված որոշում էր: Հայրիկյանը զարմացած է, որ եվրոպական երկրները սա նույնպես համարում են Հայաստանի կայացրած որոշում: ԱԻՄ նախագահն անցնող տարվա ընթացքում ոչ մի դրական երևույթ չի նկատել, տարին էլ վերջանում է տնտեսական լուրջ ցնցումով: Պարույր Հայրիկյանի համար ուրախալի և անսպասելի էր այն հանգամանքը, որ Եվրոպան որոշեց շարունակել իր նախկին հարաբերությունները Հայաստանի հետ, թեև կարծում է՝ եվրոպական պետությունները իրենց շատ սխալ պահեցին: Ըստ նրա՝ Եվրոպան պետք է սեպտեմբերի 3-ի որոշումից հետո բողոքի նոտա հղեր Ռուսաստանին, քանի որ Հայաստանի և եվրոպական երկրների միջև որոշակի գործընթացներ արդեն գնում էին: Խոսելով եռյակի մասին՝ Հայրիկյանը նշեց, որ իր մոտ ոչ, բայց հասարակության որոշ մասի մոտ սպասելիքներ եղել են այդ ուժերի նկատմամբ, բայց եռյակը ռազմավարական շատ հարցերում քիչ է տարբերվում ներկա իշխանություններից: Նրա պնդմամբ՝ բացի «Ժառանգությունից»,այդ բոլոր ուժերին նյութականն է տիրել: Գալով 2015 թվականին՝ Հայրիկյանը նշեց, որ համակրանքով է վերաբերվում Նախախորհրդարանի՝ 2015 թվականի ապրիլի 24-ին անցկացվելիք «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանը: Հայրիկյանն ասաց նաև, որ չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված քաղաքական ուժերի խորհրդակցությանը: Ծառուկյանի առանձին մի քանի գործեր ԱԻՄ առաջնորդը չի ուրանում, բայց նաև հավելում է. «Եթե օլիգարխն ուզում է լավ գործ անել, պետք է թռնի քաղաքական դաշտից»: Հայրիկյանը շարունակում է համախմբման կոչ անել անկախ Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերին: 2015-ին էլ պատրաստվում է բանտային հուշերի ժողովածու թողարկել:
Լևոն Փանոսյան