Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հրամանով բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը՝ փոխարինելով Վազգեն Բադալյանին: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Կարեն Աղամալյանի հետ ռոտացիոն կարգով կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
Կարեն Աղամալյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 7-ին: 1999 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում: 2004-2011 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ: 2012-2013 թվականներին գլխավորել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը: Մարզչական գործունեությունում ցուցադրած արդյունքների համար 2014թ-ին ՀՀ նախագահի խողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:
Կարեն Աղամալյանի սաներից 13-ը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից Հայաստան են բերել տարբեր հարգի մեդալներ: Նրա սաներից են եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը, Եվրոպայի արծաթե մեդալակիրներ Ցոլակ Անանիկյանը , Մարատ Թովմասյանը, 2013 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը:
Կարեն Աղամալյանին մաղթում ենք բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք է նաև երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում: