Ինչպես հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով newsgeorgia.ru-ին, 2005 թվականին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների կրկնակի հետաքննության ընթացքում բացահայտվել են նոր և կարևոր մանրամասներ: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին:
«Նախկին վարչապետի մահվան դեպքի առթիվ իրականացվող քննությունը բացահայտել է մի շարք կարևոր մանրամասներ, որոնց մասին ես առայժմ չեմ խոսի: Քննության ընթացքի մասին ամբողջությամբ տեղեկացված են Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի ընտանիքները»,- ասել է Բադաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը մահացած էր հայտնաբերվել Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի հետ՝ Թբիլիսում գտնվող բնակարանում: