Rakyat Post պարբերականը հայտնում է, որ գաղտնազերծվել են 1984 թվականին խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովի՝ Լոնդոն կատարած այցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ նրա բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին տեղեկացնում է Orer.am-ը, վկայակոչելով ria.ru-ին:
Մասնավորապես, դրանցում նշվում է, որ Թետչերը Գորբաչովին բնութագրել է որպես մի մարդու, որի հետ «կարելի է գործ ունենալ»:
1984 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանին հղած նամակում Մեծ Բրիտանիայի վարչապետը Գորբաչովի մասին գրել է. «Նա բավականին անկեղծ է և ունի հումորի զգացում: Նա ինձ իրոք դուր եկավ, չնայած, որ սովոր չէ քննարկելու այն խիստ հարցերը, որ ես տալիս էի նրան, այնպիսի հարցեր, ինչպիսին մարդու իրավունքների հարցն է Խորհրդային Միությունում»: