Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմիցվերջերս սպանված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է որդու՝ գերի ընկած ժամանակ գրված նամակը, գրում է vz.ru-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
Այն հրապարակվել է Ֆոուլիի ընտանիքի ֆեյսբուքյան էջում: Նամակում լրագրողը գրել է, որ իր հիշողություններն իրեն օգնում են մոռանալ, որ նա գերի է ընկած, և իր ընտանիքի ու ընկերների մասին երազները նրա սիրտը լցնում են ուրախությամբ:
Նա նաև գրել է, որ իր հետ գերի են պահվում ևս 17 հոգի: Նա պատմել է, որ նրանք հիմնականում զրուցում են սպորտից, ֆիլմերից և առօրյա կյանքից, ինչպես նաև շախմատի մրցումներ են անցկացնում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ համացանցում էր հայտնվել խմբավորման կողմից Սիրիայում 2012-ին գերեվարված լրագրողի գլխատման մասին տեսանյութը: