Orer.am, 25 օգոստոսի, 2014թ.: Սահմանային լարվածության ընթացքում Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ այցեցին Տավուշի մարզի սահմանային գյուղեր, բազմաթիվ խոստումներ հնչեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս այցի ընթացքում եղել է հրետակոծվող գյուղերում, այդ թվում Դովեղում: Այնտեղ նա հայտարարել էր՝ ինձ համարեք ձեր ընտրատարածքի պատգամավորը և կարող եք դիմել ցանկացած ժամի, ցանկացած խնդրով: Դովեղի բնակիչ Կարեն Վարդանյանը Շարմազանովին ասել էր, որ իրենք կաշխատեն, կապրեն, պետությունից նյութական խնդրանքներ չունեն, պետք է միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում վերականգնել ֆուտբոլային խաղեր ցուցադրող Հ2 հեռուստաալիքի հեռարձակումը, որովհետև ընդհատվել է իրենց հոգեհարազատ ժամանցի միջոցը՝ ֆուտբոլի բարձրակարգ խաղերի ցուցադրությունը:
Կարեն Վարդանյանի բարձրացրած խնդրին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան: Եվ ահա, Orer.am-ը տեղեկացավ, որ այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնականը զանգահարել է Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանին և տեղեկացրել, որ Շարմազանովը այդ հարցը քննարկել է Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը տեղեկացրել է, որ այս պահին ընթանում են հեռուստաալիքի թվայնացման աշխատանքներ, որի ավարտից հետո խոստացել է արդեն մյուս տարի սահմանային համայնքները ևս ապահովել անխափան հեռարձակմամբ: