Գերմանական «Վոլֆսբուրգի» մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը կարծում է, որ թիմի ֆուտբոլիստների կիսապաշտպան Ժունիոր Մալանդայի մահից հետո հոգեբանական օգնության կարիք ունեն։ Այդ պատճառով Ալոֆսը թիմի՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցնող հավաքին է հրավիրել հոգեբան և պրոֆեսոր Անդրեաս Մարլովիտսին։ Արժե նշել, որ վերջինս ժամանակին աշխատել է նաև «Հանովեր-96»-ի ֆուտբոլիստնեի հետ, երբ ինքնասպանություն էր գործել նրանց նախկին դարպասապահ Ռոբերտ Էնկեն։
-Սրանք իրարից միանգամայն տարբեր երկու դեպքեր են, և ես դրանց միջև զուգահեռներ չեմ անցկացնում։ Խաղացողները մեր որոշմանը ըմբռնումով մոտեցան։ Մեր պարտավորությունները պահանջում են մեզնից շարունակել հոգեբանական աջակցություն տրամադրել նրանց։ Անհրաժեշտ է, որ մենք իրավիճակին պրոֆեսիոնալ մոտեցումցուցաբերենք,-Ալոֆսի խոսքերը մեջբերված են «Blid» պարբերականից։
Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպան Մալանդան զոհվել էր ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում, որը տեղի էր ունեցել հունվարի 10-ին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքից ոչ հեռու։