Արգենտինայում տեղի են ունենում զանգվածային ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են հետաքննել երկրի նախագահ Քրիստինա Կիրշներին մեղադրանքներ առաջադրած դատախազի մահվան բոլոր հանգամանքները, գլխավոր ակցիան տեղի է ունենում մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ նախագահական պալատի մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անցյալ շաբաթ դատախազ Ալբերտո Նիսմանը, որը վարում էր ահաբեկչական գործողության գործը, Քրիստինա Կիրշներին և արտաքին գործերի նախարար Էկտոր Տիմերմանին մեղադրել է այն իրանցիներին «անպատժելիություն ապահովելու» նպատակով նախահամաձայնության գալու համար, որոնց Արգենտինան մեղադրում է պայթյունի կազմակերպմանը մասնակից լինելու մեջ: Հունվարի լույս 19-ի գիշերը հայտնի է դարձել, որ դատախազին Բուենոս Այրեսում մեռած են գտել իր բնակարանում: Դատաբժշկական փորձագետների նախնական տվյալներով՝ դատախազը հրազենով ինքնասպան է եղել:
Բացի նախագահական պալատից, բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բուենոս Այրեսի արվարձանի Օլիվոս նախագահական նստավայրի մոտ, Կորդովա և Ռոսարիո քաղաքներում (թվակազմով երկրի երկրորդ և երրորդ քաղաքները), ատլանտյան ափի առողջարանային քաղաքներում:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ դատախազի մահը, ով դատավորին էր դիմել՝ նախագահին և ԱԳՆ-ի ղեկավարին հարցաքննելու, ինչպես նաև 200 միլիոն պեսոյի չափով (շուրջ 23 միլիոն դոլար) նրանց ունեցվածքի վրա բռնարգելք դնելու խնդրանքով, ցնցել է արգենտինական հասարակությանը: Քաղաքական և հասարակական գործիչները պահանջել են հետաքննել նրա մավան բոլոր հանգամանքները: Արգենտինայի նախագահը կարգադրել է գաղտնազերծել այն գործի նյութերը, որը հետաքննում էր Ալբերտո Նիսմանը: