Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, վերջիններիս կորուստներ պատճառելով՝ հետ են շպրտել իրենց ելման դիրքեր:
Նշենք, որ թշնամուն հետ շպրտելու ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Ասատրյանը, եւ վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Գասպարյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական դիվերսիոն հարձակումների ակտիվացումը սահմանի վրա,Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանից.
-Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի քայլերը որեւէ նոր ենթատեքստ ունեն իրենց մեջ, քանի որ դա տվյալ պետության՝ տարիներ շարունակ որդեգրած տմարդի քաղաքականությունն է: Նրանք սովոր են միջազգային ամբիոններից, բանակցությունների ժամանակ խոսել հաշտության, հարցի խաղաղ կարգավորման մասին, սակայն շարունակել չհայտարարված պատերազմը դիվերսանտների միջոցով:
Կարծում եմ, որ այս վերջին հարձակումները իրենց առաջ դրված հարցի շարունակությունն են: Մենք կարող ենք նկատել, որ Հայաստանում ցանկացած անկայունության դեպքում սահմանին ակտիվանում են ադրբեջանական դիվերսանտներն ու դիպուկահարները, այս դեպքն էլ նման օրինակներից մեկն էր:
Սոսե Չանդոյան