Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Եվ ահա, ՊՆ-ին մոտ կանգնած Orer.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Ավետիսյանի գործունեության և պաշտոնանկության իրական պատճառների մասին: Արդեն նախկին փոխնախարարը ստվերային կերպով վերահսկել է Հայաստան ներկրվող գոմեշի մսի ամբողջ շուկան՝ գումարներ գանձելով ներմուծողներից: Նա եղել է Հայաստանում այդ բիզնեսի ստվերային գանձապահը: Փոխնախարարը, պարզվում է, սերտորեն առնչվում է նաև բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի էժան մսի վաճառքի չարաբաստիկ պատմության հետ, ավելին, անձամբ է համակարգել այդ աղմկահարույց պատմության ստվերային գործարքները:
Հետաքրքիր է, որ Արտաշես Ավետիսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից է, նրա կենսագրությունը սերտորեն կապված է Սարգսյանին՝ Կենտրոնական բանկից սկսած: Ավետիսյանը 1999թ. փետրվարից 1999թ. հոկտեմբեր ամիսներին աշխատել է որպես ՀՀ Կենտրոնական բանկի անվտանգության վարչության պետ, այնուհետև 1999-2002թթ.՝ ԿԲ անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության պետ: 2002-2006թթ. եղել է ԿԲ տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության պետը, իսկ 2006-2007թթ. - ԿԲ՝ գործադիր կառավարիչ: 2007-2009թթ.-ի հուլիսի 21 ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ԿԲ նախագահի խորհրդական:
2009թ. հուլիսի 21-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ: