ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է Ուկրաինայի շուրջը ծագած հակամարտությունից դուրս գան այն կերպ, որ պահպանեն առավել կարևոր միջազգային հարցերի գծով գործակցելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է ամերիկացի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը պետք է համընկնեն շատ հիմնախնդիրների, մասնավորապես, իսլամական ծայրահեղականության հարցում»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Ուստի, նշել է նա, Ուկրաինայի շուրջն իրադրությունն անհրաժեշտ է կարգավորել «այնպես, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մնա միջազգային հարաբերությունների մասնակից, որտեղ նա պետք է էական դեր խաղա»:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ներկայիս գործողություններն 91-ամյա քաղաքական գործիչը գնահատել է որպես «այն պետությունների ռազմավարական կողմնորոշմանը մարտահրավեր նետելու» փորձ, «որոնք մի ժամանակ եղել են իր ուղեծրում»: