ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ մալազիական փորձագետները Ուկրաինայի արևելքում կործանված Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռի կործանման վայրի կրկնակի զննում կանցկացնեն: «Ուկրաինայի արեւելք կրկնակի այցելության համար հնարավորություններ ենք փնտրում», – հայտարարել է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը: Վերջինս նաեւ հաղորդել է, որ այժմ շարունակվում է բոլոր մահացածների ճանաչման բարդ գործընթացը և Մալայզիայի իշխանությունները հնարավորինս փորձում են ավիաաղետի զոհերի հարազատներին անհրաժեշտ ամեն բան տրամադրել: Նախարար Հուսեյնը նաև նշել է, որ առաջիկա շաբաթ թվով երրորդ անգամ հատուկ չվերթով Ամստերդամից Կուալա-Լումպուր կբերեն որոշ մահացածների մարմիններ: Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել են: