Վրաստանը ժամանակավորապես կասեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը առևտրի հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրապետության արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին ԱՄՆ այցի ընթացքում հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այժմ մենք ժամանակավորապես կասեցնում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունն առևտրի հարցերի շուրջ, քանի որ այն իմաստ չունի: Ռուսաստանը ցանկացած պահի կարող է կրկին բռնարգելք կիրառել»,-հայտարարել է Բերուչաշվիլին:
Նրա խոսքով՝ կարևոր քաղաքական հարցերում «Ռուսաստանը շարունակում է ապակառուցողական քայլեր ձեռնարկել, ինչն արտացոլվեց 2014 թվականի նոյեմբերին դաշնակցության և ռազմավարական գործընկերության վերաբերյալ Սուխումի օկուպացիոն ռեժիմի հետ ստորագրված համաձայնագրում»:
Վրաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է զորակազմը Աբխազիայում, որտեղ նա տեղաբաշխել է մինչև 11,5 հազար զինծառայողներ:
«Հաջորդ քայլը կլինի «Հարավային Օսիան, քանի որ առկա են այն բանի նշանները, որ կրկնվելու է ղրիմյան սցենարը, և իրականացվելու է Հարավային Օսիայի բռնակցում»,-հավելել է Բերուչաշվիլին:
Ինչպես նշում է «Նովոստի Գրուզիա»-ն, Ռուսաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի հիմնական առևտրական գործընկերներ հանդիսացող երկրների ցուցակում: Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2014 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 752,2 մլն դոլար, ինչը 11 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանի հետ շրջանառությունը ներկայում կազմում է Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրական շրջանառության 7,3 տոկոսը: