Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը փետրվարի 8-ից 10-ը կայցելի ԱՄՆ և Կանադա, պլանավորում է անդրօվկիանոսյան գործընկերների հետ քննարկել G7-ի՝ հունիսին Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստումը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԳՖՀ -ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրտցը:
«Վաշինգտոնում և Օտտավայում ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ բանակցությունները: Դրա հետ մեկտեղ, բացի G7-ի թեմաներից, կքննարկվեն միջազգային քաղաքականության այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են՝ Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, պայքարը ԻՊ-ի խմբավորման դեմ, Աֆղանստանը և Իրանը»,- փետրվարի 2-ին Բեռլինում լրագրողներին ասել է Վիրտցը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մերկելը նաև հանդիպումներ է պլանավորել Համաշխարհային բանկի ղեկավարի և տնտեսության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: