Չինական «Խուժուն» հանդեսը փետրվարի 3-ին հրապարակել է դոլարային միլիարդատերերի իր վարկանիշը, որում տեղ են գտել ամբողջ աշխարհի 2089 հարուստներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վարկանիշում գերակշռում են ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 537 և 430 հորիզոնականներ:
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը՝ հետ մղելով ավանդաբար այդ հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանին: Անցյալ տարվա համեմատությամբ վարկանիշում ռուսաստանցի հարուստների թիվը նվազել է միանգամից տասով:
Վարկանիշը կազմողները եկել են այն եզրակացության, որ Չինաստանը շարունակում է իր դիրքերն ամրապնդել գլոբալ տնտեսության մեջ: Ցուցակի չինական մասում հայտնվել է 72 նոր անուն: Նրանց մեծ մասը հարստացել է 2014 թվականին ազգային ֆոնդային շուկայի զգալի աճի շնորհիվ: Բարձր տեխնոլոգիաների սեկտորն առաջատարն է մնացել կապիտալն ավելացնելու հնարավորությունների տեսանկյունից:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, չինացի հարուստների թվում առաջին տեղն զբաղեցրել է 48-ամյա Լի Խեցզյունը՝ Hanergy Holding Group կորպորացիայի ղեկավարը, որն աշխատում է «մաքուր» էներգետիկայի բնագավառում: Նրա կարողությունը գնահատվում է 16 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Wanda Group դևելոպերական խմբի ղեկավար Վան Ցզյանլինն է: Երրորդ հորիզոնականում է Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման: Նա մինչև վերջին ժամանակներս համարվում էր Չինաստանի ամենահարուստ մարդը, սակայն իր դիրքերը կորցրեց թույլ եռամսյակային հաշվետվության ֆոնին Alibaba-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո: