ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն ոչ Սերբիան, ոչ էլ Խորվաթիան ցեղասպանություն չեն իրագործել խորվաթների ու սերբերի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Վճիռը կայացրել է 17 դատավորներից բաղկացած կոլեգիան, այն ընթերցել է դատարանի նախագահ սլովակ Պետեր Տոմկան:
Նրա խոսքով՝ թեև երկու կողմերն էլ հանցանք են գործել, չկա ոչ մի ապացույց, որ նրանք մտադիր էին «ամբողջությամբ կամ մասնակիորեն» ոչնչացնել մյուս երկրի բնակչությանը:
BBC News-ի փոխանցմամբ՝ Խորվաթիայի կառավարությունը պնդում է, որ Սերբիան 1991 թվականին Հարավսլավիայի տրոհումից հետո Խորվաթիայի տարածքում մարտական գործողությունների ընթացքում ցեղասպանություն է իրագործել Վուկովար քաղաքում:
Սերբիան, իր հերթին, 2010 թվականին հակընդդեմ հայց է առաջ քաշել Խորվաթիայի դեմ՝ երկրից 200,000 սերբերի արտաքսման պատճառով: