Նախորդ հոդվածումս խոսել էի իրենց ազգափրկիչ ներկայացնող, բայց իրականում Արևմուտքի «գունավոր» պատվերը կատարող արկածախնդիրներ-հեղափոխականների մասին: Ընդ որում, գունավոր հեղափոխության ջատագովները միշտ ոգևորվում են Ուկրաինայի իրադարձություններով՝ ուկրաինական «մայդանը» դարձնելով իրենց համար իդեալ:
Բայց ահա թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչը, ի դեպ, սպասելի էր. «մայդանն» ի վերջո տվեց իր պտուղները՝ երկրի վերջնական փլուզման և, որ ամենավատն է, այդ երկրում ապրող ժողովրդի՝ մեկ տարի առաջ իրենց արածի վնասակարությունը գիտակցելու տեսքով:
Արդեն երեկ Կիևում քաղաքացիները փորձել են գրոհել նախագահ Պորոշենկոյի նստավայրը՝ պահանջելով վերջինիս հեռացումը: Կարծում եմ` Պորոշենկոյին և իր վարչակազմին հաշված օրեր են մնացել իշխանական աթոռները վայելելու համար, քանի որ նրանց դեմ դուրս եկածը ուկրաինացի ժողովուրդն է, և այլևս իրենց հանցանքները Ռուսաստանի վրա բարդելու որևէ հիմք նրանց չի մնացել:
Այսպիսով, մենք տեսանք, թե ինչի են հանգեցնում արկածախնդրությունը և Արևմուտքի պատվերով կատարված գործողությունները. փլուզվեց մի հսկա երկիր, կորցրեց զգալի տարածքներ, մարզեր, տնտեսությունը ամբողջությամբ քայքայվեց, ժողովուրդը մատնվեց սովի և գործազրկության, և այս ամենը հանուն ինչի՞: Հանուն նրա, որ ուզեցին փոխել հինը՝ առանց նորի մասին պատկերացում ունենալու, իսկ նորը դուրս եկավ շատ ավելի վատը, և այսօր նրանք ստիպված դուրս են եկել արդեն այդ նորի դեմ:
Պորոշենկոյի վարչակազմին ի վերջո կտապալեն, երկրում վիճակը կկայունանա, սակայն կորուստները վերականգնելու և երկիրը ավերակից նորից երկիր դարձնելու համար միգուցե արդեն տասնյակ տարիներ պահանջվեն: Եվ չեմ կարծում, թե դրա համար ուկրաինացի ժողովուրդը շնորհակալ կլինի Արևմուտքին:
Այս ամենից կարելի է ընդամենը դասեր քաղել, և հուսով եմ՝ Հայաստանում հասարակության՝ «մայդանի» կողմնակից հատվածը, որն առ այսօր հաշվի է առել Ուկրաինայի փորձը, այսուհետ նույնպես հաշվի կառնի Ուկրաինայի դառը փորձը: Ի վերջո, նրանք էլ կգիտակցեն, որ արկածախնդրությունն ու չմտածված քայլերը ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան