Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը և Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են ռազմական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի իրադրությունը և «Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պենտագոնին:
«Ղեկավարները քննարկել են Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը: Նրանք արծարծել են տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների ջանքերը, որոնք նպատակամղված են մեր միջազգային պարտավորությունների կատարմանը և Մոսկվայի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշմանը»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հեյգելը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ին օգնելու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման՝ Պենտագոնի ղեկավարը «ամուր» գործընկերություն է խոստացել Վրաստանին պաշտպանության բնագավառում, բայց մանրամասներ չի նշել: