Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ արցախցիները ափսոսանքով են վերաբերվում հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Բանախոսը նշեց, որ զարմացած է կատարվածից: Ըստ նրա՝ Արցախն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման բաներ կազմակերպել: Բայց պարոն Մանասյանը դատապարտում է նաև ոստիկանական ուժերի գործողությունները: «Կատարվածի մեջ ես տեսնում եմ գունավոր հեղափոխության տեխնոլոգիա»,- ասել է Մանասյանը:
Պարոն Մանասյանը հայտնեց նաև, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթին ըմբռնումով է մոտենում, բայց ոչ համախոհությամբ: Նրա պնդմամբ՝ Արցախը խրամատ է, ոչ թե կուսակցական քննարկումների վայր: Այդ համատեքստում Մանասյանը նաև սխալ է համարում Բերձոր գնալ՝ «Արցախը Հայաստանի մարզ» կարգախոսով:
Քաղաքագետը խոսել է նաև արցախյան հիմնահարցի մասին և նշել, որ ներկա քաղաքական իրադրությունները շտկելու համար պետք են լուրջ քաղաքագիտական ուսումնասիրություններ:
Ալեքսանդր Մանասյանը սեփական «բանաձևումներն» է առաջ քաշում և հիշեցնում՝ Ղարաբաղյան շարժումը սկսվեց «Միացում» կոչերով, սակայն աշխարհաքաղաքական իրադրությունն ու այլ զարգացումներն այդ կոչը փոխեցին «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի:
Բանախոսի համոզմամբ՝ իրավիճակը կլուծվի Արցախի անկախության ճանաչման դեպքում:
«Միացումը հնարավոր է միայն անկախացման դեպքում»,- ասում է նա:
Լևոն Փանոսյան